Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Հետո այդ երեկները կհավաքվեն,
անմեղսունակ դեմքով կշարվեն ալբոմներում,
և մի օր, որ հաստատ օրակարգից դուրս է,
քեզանից հաշիվ կպահանջեն,
թե ինչքան էր իրական սպասումը,
և ինչքանը դրանից հաջողվեց ստանալ
այս կրկնվող խաղում, որն արդեն ավարտվում է:
Մնում է բոլոր ալիքներն անջատել,
մոռանալ տված-տալիքները
և որպես վերջին սպասելիք ընդամենը հիշել՝
սա դեռ առաջին արարն է,
վերջինը դեռ առջևում է՝վերևում,
երբ այսօրը կրկին երեկ կդառնա:
07.08.2020
Վահագն Մարտիրոսյան